fbpx
Հասարակություն

«Հորովել» նոր հաղորդաշարը բացահայտելու է Հայաստանի գյուղերի կյանքն ու մշակույթը

Հայաստանի ամեն գյուղ ունի իր ավանդույթներն ու սովորույթները, մարդիկ ապրում ու արարում են սեփական հողում՝ պահպանելով իրենց ազգայինը։

Գյուղական միջավայրն ու կյանքը բացահայտելու է «Հորովել» նոր հաղորդաշարը, որը հունվարի 10-ից կհեռարձակվի «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերությամբ։

Հաղորդաշարի հեղինակն է Արայիկ Համբարձումյանը, իսկ համահեղինակն է Արմենուհի Վարդանյանը։

Ֆիլմաշարի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Արթիկ քաղաքում։

Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան դահլիճում ցուցադրվեց հաղորդաշարի առաջին մասը։ Երեկոյին ներկա էին հաղորդաշարի հեղինակները, իսկ հատուկ հյուրերն էին Արցախյան պատերազմին մասնակցած կամավորները։

                     

Արայիկ Համբարձումյանն իր բացման խոսքում նշեց, որ իրենց նպատակն էր բացահայտել Հայաստանի գյուղերում ապրող մարդկանց կյանքը, առօրյան ու մշակույթը։

«Բոլորս էլ գիտենք, որ ամեն գյուղ ունի իր ավանդույթներն ու բարբառը։ Իսկ հաղորդաշարը անվանել ենք «Հորովել», քանի որ հորովելը հայ մշակի երգն է։ Առաջին ընտրված գյուղի միտքը Արմենուհունն էր, և ընտրեցինք Հառիճ գյուղը»,- նշեց Արայիկ Համբարձումյանը։

Արմենուհի Վարդանյանը, ով նաև «Պատիվ» սոցիալական աջակցման հասարակական կազմակերպության փոխնախագահն է, Արթիկից է, և հենց դրա համար էլ առաջարկել է առաջինը անդրադառնալ Շիրակ աշխարհին։

«Առաջին նկարահանումները եղել են Շիրակի մարզում, ցանկանում էի իմ մարզից սկսել և նախընտրեցի Հառիճը։ Հառիճը իր մշակութային կոթողներով գրավում է բոլորին, բայց ունի շատ գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտել»,- ընդգծում է Արմենուհի Վարդանյանը։

Ֆիլմաշարն առանձնանում է անմիջականությամբ և գյուղական համ ու հոտով։ Նկարահանող խումբն այցելում է գյուղացիների տներ, ծանոթանում նրանց առօրյա կյանքին ու մասնակից դառնում նրանց աշխատանքներին։ Հատկանշական է, որ հերոսները օրվա ավարտին գիշերում են հյուրընկալ գյուղացիներից մեկի տանը։

 

Արայիկ Համբարձումյանը հավելում է, որ մտադիր են նկարահանել նաև գյուղում բացվող հաջորդ առավոտը։ «Մտադիր ենք լինել բոլոր մարզերում, իսկ հետո կսպասենք, թե որ գյուղից հրավեր կստանանք»,- ժպիտով նշում է հեղինակը։

Ֆիլմի հեռարձակումը հետաձգվել էր պատերազմի պատճառով, սակայն հեռուստադիտողը գալիք տարվա հունվարից հնարավորություն կունենա դիտել ֆիլմաշարը։

     

Արմենուհի Վարդանյանը շետում է, որ պատերազմը իր ազդեցությունն է ունեցել ֆիլմաշարի վրա։

«Նկարահանումները սկսվել են պատերազմից առաջ, բայց պատերազմը թողեց իր հետքը։ Մենք ցանկացանք ֆորմատում ներգրավել ընտանիք, որում ապրում են հայրենիքի համար պայքարած տղաներ, և կներկայացնենք նաև նրանց պատմությունը»։

Երեկոյի ավարտին էլ Արմենուհի Վարդանայնը պատվոգրեր հանձնեց դահլիճում ներկա Արցախյան պատերազմի մասնակիցներին և թիկունքում աշխատանք կատարած կամավորներին։

https://www.facebook.com/shox.kakoyan.7/videos/1019318248561622

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ