Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։
Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը զբոսաշրջիկներին ուղարկել է Հուրգադա, սակայն չի ապահովել նրանց վերադարձը։ Ընկերությունը չի վճարել ավիափոխադրողին, նա էլ չի իրականացրել ավիաչվերթը, ինչի հետևանքով տասնյակ հայաստանցիներ մնացել էին բախտի քմահաճույքին։
Կառավարությունը գրեթե 50 միլիոն դրամ է հատկացրել ԱԳ նախարարությանը այս թռիչքները կազմակերպելու համար։ Իսկ տուրօպերատորի նկատմամբ ներկայումս հարուցված է քրեական գործ՝ խարդախության հոդվածով։