Ի՞նչն է ամենամեծ զավեշտը Արշակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի ու հետախուզում հայտարարելու որոշման մեջ։
Իսկ ամենամեծ զավեշտը հետևյալն է․
2021–ի մայիսյան դեպքերից, որի համար հիմա մեղադրվում ու որի պատճառով հետախուզման մեջ է գտնվում Արշակ Կարապետյանը, ընդամենը երկու ամիս հետո, նույն այդ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվում է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Սակայն, զավեշտն այստեղ չի ավարտվում։ Դրանից 10 օր անց նույն անձը նշանակվում է ՀՀ Պաշտպանության նախարար ու այդ պաշտոնում աշխատում մինչև 2021–ի նոյեմբերի 15–ը։
Սա սկանդալային նորություն չէ, ոչ էլ՝ մինչ այժմ անհայտ ինչ-որ փաստ։ Կարող եք նայել բոլոր հասանելի աղբյուրներում, անգամ նույն Արշակի Կարապետյանի կենսագրությունում է այն առկա։ Նորությունն այն է միայն, որ վերոնշյալ դեպքերից հետո սույն անձին ՀՀ պաշտպանության նախարար նշանակող պետության ղեկավարը դրա համար չի կրում ոչ մի պատասխանատվություն։ Ավելին, այդ հանգամանքը որևէ կերպ չի էլ շրջանառվում։
Ստացվում է, որ Արշակ Կարապետյանն այսօր մեղադրվում է ՀՀ սահմանին եղած կարևորագույն դիրքերը Ադրբեջանին հանձնելու մեջ, իսկ այդ դիրքերը հանձնելուց հետո նրան պաշտպանության նախարար նշանակած վարչապետը, այսինքն՝ պաշտոնը բարձրացրած մարդը, պատասխանատվություն կրելու խնդիր ընդհանրապես չունի։

