Ուրեմն նայեցի ՊՆ-ի նյութը: Գետինը մտնելու ուժ ունեմ հիմա, բայց այդ հոգեկան խեղում առաջացնող էներգիան պարտավոր եմ համարում դնել լուծումներ գտնելու և իրականացնելու վրա: Եվ ի՞նչ լուծումներ եմ տեսնում, որ այս ողբալի ու ճիվաղ վիճակից դուրս գանք.
1. Բանակի հրամանատարությունից պահանջել, որ իրենց ծառայությունը իրականացնեն ըստ կանոնադրության: Չանեն՝ դատվեն: Այլ բան անեն՝ դատվեն: Սա բյուրեղացված պահանջ է, որին զուգահեռ շատ անելիքներ էլ կան: Ունենք լավ զինվորականներ, որոնք անկասկած կլինեն մեր կողքին:
Կանոնադրությունը աղբ է: Ակնհայտ փաստ է, բայց ավելի լավ է աղբ, քան ոչինչ: Մինչ հրամանատարությունը կկարգավորի ծառայությունը, մենք հաջորդ զուգահեռ բանը կանենք.
2. Օրենսդիրից պահանջենք կանոնադրությունը բարեփոխել տվյալ իրավիճակի ու արդի խնդիրները լուծելուն համապատասխան: Չանեն՝ հեռացվեն: Այլ բան անեն՝ հեռացվեն: Այստեղ նույնպես կան հայրենասեր մարդիկ, քիչ, բայց կան, որոնք կկանգնեն մեր կողքին:
Կանոնադրությունը քիչ է կարգ ու կանոնի համար: Պետք է հանրությունն ուժերը համախմբի և հնարավորինս սատարի բոլոր տիպի միջոցների հայթհայթման, ստեղծման ու արտադրման գործում, որ զինվորը ընկալի իր քաղաքական միակ հիմնասյունին՝ հայ հանրույթի զորությունը:
3. Թիմ ստեղծենք, որը պետք է զբաղվի հանրույթի մոբիլիզացիայով, և նախորդ գրառումներումս ասած դավաճանական պրոպագանդայի ու բոլորիս էմոցիաները ուղղորդող հակամարդկանց ուժերը ջլատելով՝ մերկացնելով դրանց իրական պատկերն ու նպատակները:
Սա էլ քիչ է:
4. Կառավարությունից պահանջենք բացահայտել խաղաղության պայմանագիր կոչված թե՛ իրենց, թե՛ ադրբեջանական, թե՛ մյուս խաղացողների վարկածները:
Բացահայտելն ու տեղյակ լինելն էլ քիչ է:
5. Ինքնակազմակերպվենք և կանգնենք մեր շահերի կողքին, իսկ որտեղ չկան մեր շահերը դիմադրություն ստեղծենք:
Դեռևս բացակայում են այն մարդիկ, որոնք կարող են այս ամենը անել: Նրանք բացակայում են հանրային տիրույթում, բայց կան:
6. Ստեղծենք իրավիճակն ու հարթակը, գործընթացը, որտեղ նրանք պաշտպանված կլինեն հակամարդ պրոպագանդայի խոսքից և կդրսևորեն իրենց բոլոր կարողությունները հանուն Հայաստանի և Արցախի:
Ես չգիտեմ, թե ոնց է հնարավոր, ինչ միջոցներով ու տեխնիկայով է հնարավոր դա անել:
7. Գիտեմ, որ շատ մարդիկ են պատրաստ սկսել ու անել: Հետևաբար մենք պետք է գտնենք իրար, իմաց տանք պատրաստակամության մասին և սկսենք:
Գործողություն սկսենք հիմա, որ հետո իրար չհանդիպենք Չարբախի մատույցներում փորված խրամատներում, ու զարմանանք, որ մենք դեռ պայքարում ենք ու հավատում մեր պես մարդկանց գոյությանը և մեր պետության լինելուն:
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան