Ինչ պետք է դրվի իրական այլընտրանքի հիմքում

Հրապարակող՝

,

alternative slak arrows

Հայաստանի ներքաղաքական դաշտում կա մի հիմնախնդիր, որը գրեթե չի քննարկվում, բայց խորքային ձևով ազդում է հասարակական բաժանարար գծերի վրա։ Ընդհանրապես ընդունված է խոսել «նախկինների» և «ներկաների» պարզունակ հակադրության մասին․ առաջիններին վերագրվում են կոռուպցիան, քրեական բարքերը և օլիգարխիկ տնտեսությունը, իսկ երկրորդներին՝ ապազգային քաղաքականությունը, կառավարման անձեռնհասությունը և պետական ինստիտուտների քայքայումը։ Այս պատկերացումը, սակայն, անտեսում է երրորդ կարևոր սեգմենտը՝ այն քաղաքացիներին ու քաղաքական ուժերին, որոնք մերժում են թե՛ «նախկինների», թե՛ «ներկաների» գործելաոճը և չեն նույնականանում գոյություն ունեցող բևեռացումների հետ։

Հասարակության մի զգալի հատվածը շարունակում է մտածել երկու բևեռի տրամաբանությամբ՝ ընտրությունը պայմանավորելով «ազգային-պետական» և «հակաօլիգարխիկ» առաջնահերթություններով։ Սակայն, այդ տրամաբանությունն այսօր տանում է փակուղի, քանի որ երկու բևեռներում համախմբված հանրային շերտերի մոտ վաղուց ջնջվել են ճշմարտության սահմանները։ Թե որքանով են «նախկինները» նույնքան հակաօլիգարխիկ եղել, իսկ «ներկաները»՝ ազգային ու պետական, դա միայն այդ շերտերի կույր հավատամքի դաշտում է գտնվում։

Բայց իրականում մարդկանց ընտրությունը ձևավորվում է ոչ միայն անցյալը սրբագրելու հարցում այդ բևեռների մրցակցությամբ, այլև նրանց ունեցած պատկերացմամբ՝ ինչ ճանապարհով պետք է զարգանա Հայաստանը։ Այդ տեսանկյունից «ներկաների» կողմնակիցները դժվարանում են հակափաստարկներ ներկայացնել ազգային անվտանգային ձախողումների, պատերազմի հետևանքների կամ Արցախի կորստի հարցերում, սակայն նրանց համար վճռորոշ են սոցիալ–տնտեսական ձեռքբերումները՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։ Սա նրանց համար շոշափելի առաջընթաց է դիտվում՝ անկախ մնացած ոլորտների խնդիրներից։ Հանրության հսկայական մի շերտ, հակառակը, ընդգծում է, որ սոցիալ–տնտեսական ներկայիս ծրագրերով չի կարող փոխհատուցվել ազգային–պետական կուրսի քայքայումն ու ոչնչացումը։

Այս իրողությունը բերում է կարևոր եզրահանգման․ «նախկինները» չեն կարող մրցել «ներկաների» սոցիալ–տնտեսական փաստարկների հետ, քանի որ կառուցելով քրեաօլիգարխիկ հետադիմական համակարգ՝ իրենց կառավարման շրջանում նման մասշտաբի նախագծեր նրանք չկարողացան իրականացնել։ Իսկ քանի դեռ հենց նրանք են ներկայացվում որպես «ներկաների» այլընտրանք, հանրությունը շարունակում է մնալ նույն փակ ընտրության մեջ։ Երրորդ սեգմենտի խնդիրն է առաջարկել ոչ թե անցյալի կամ ներկայի կրկնությունը, այլ նոր որակ։

Այդ ուժերը պետք է հրաժարվեն «սևերի և սպիտակների» հակադրությունից․ «նախկինների» և «ներկաների» փոխադարձ մեղադրանքների ճշմարտացիությունն արդեն վաղուց ապացուցված է նրանց իսկ անցյալով։ Իրական այլընտրանքը պետք է ներկայացնի, թե ինչպիսի պետություն է ուզում կառուցել և ինչ է դրվելու այդ մոդելի հիմքում։ Այդ տեսլականը պետք է գերազանցի ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում եղածը՝ պետության զարգացման համար առաջարկելով համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, նոր քաղաքների ու գյուղերի հիմնում, բնակչության աճի ապահովում, նոր օդանավակայաններ, ջրամբարներ, քաղաքային ենթակառուցվածքներ, արդիական գյուղատնտեսություն, սոցիալական կյանքի վերակառուցման երկարաժամկետ ծրագրեր և այլն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կոտրել տարիներով ստեղծված փակուղին և հանրությանը առաջարկել իրական ապագա, ոչ թե հերթական բևեռացում։

Ամենաթարմ