Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչները մասնակցել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։
Ռուբինա Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքներն՝ ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խնդիրներին արձագանքմանը, խտականության բացառմանը և օտարերկրացիների իրավունքների պաշտպանությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում պարբերաբար գործադրվում են բազմապիսի գործիքակազմեր, որոնք նպաստում են աշխատանքային իրավունքների պահպանմանը և խախտումների կանխմանը։

