fbpx
Իրավական

Իրականության հետ որևէ աղերս չունեն․ «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:

Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրաապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում», – ասված է hայտարարության մեջ։

Նշենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները։

Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

Հիշեցնենք նաև, որ դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ արդեն անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ