Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուրանի հարստացման դադարեցումն օրակարգում չէ. մեզ այն անհրաժեշտ է էներգետիկայի և դեղագործության ոլորտների համար», – նշել է Լարիջանին։ Այս հայտարարությունը վերահաստատում է Իրանի դիրքորոշումը, որ ուրանի հարստացումը կենսական նշանակություն ունի երկրի էներգետիկ և բժշկական կարիքների համար։
Նշենք, որ փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մուսկատում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

