Իրանում անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետաքննության շրջանակներում։ Այս մասին գրում է New York Times-ը:
«Իրանում ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորական պաշտոնյաներ և Թեհրանի՝ զինվորականների պաշտպանության տակ գտնվող հյուրատան (որտեղ զոհվել է Հանիեն – խմբ.) հաստիքային աշխատողներ», – գրում է պարբերականը։
Պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից անմիջապես հետո իրանական անվտանգության գործակալները մեկուսացրել են Թեհրանի հյուրատան բոլոր աշխատակիցներին և նրանցից առգրավել բոլոր էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները: Նրանք նաև հարցաքննել են հետախուզության բարձրաստիճան սպաներին և զինվորականներին, որոնք պատասխանատու են Թեհրանի անվտանգության ապահովման համար:
Իրանի հատուկ ծառայությունները կարծում են, որ «Մոսադի» վարձած գործակալները դեռ երկրում են, ուստի այժմ նպատակը նրանց ձերբակալելն է: