Իրանը, զգուշանալով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է արել «Հեզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի նկատմամբ, գրում է The Washington Post-ը՝ տարածաշրջանի իր աղբյուրներին հղումով։
«Երբ ամերիկյան ուժերն այս ամիս Եմենում, Սիրիայում և Իրաքում հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին, Թեհրանը հրապարակայնորեն նախազգուշացրեց, որ իր զինվորականները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի:
Սակայն բանակցություններին տեղյակ լիբանանյան և իրաքյան պաշտոնյաների խոսքով՝ բարձրաստիճան ղեկավարները մասնավոր կերպով զգուշության կոչ են անում», – գրել է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ իրաքյան շիական «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը ստանձնելուց օրեր անց իրանցի հրամանատարը ժամանել է Բաղդադ և պահանջել շարժման առաջնորդներից հայտարարություն հրապարակել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին:
Իրաքցի պաշտոնյան թերթին հայտնել է, որ առաջնորդները դժկամությամբ են համաձայնել դրան:
Ինչպես պարբերականին հայտնել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման աղբյուրը, փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին ասել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին Լիբանանում կամ ցանկացած այլ վայրում ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսելու առիթ տալու հարցում։