Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմաններով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, ասել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարը: Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը։
Բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և մասնավորապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև փորձում է լուծել անօրինական ներգաղթը:
Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է։
«Անվտանգության և ռազմական գնահատականների հիման վրա ամենակարևոր տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի ապօրինի շրջանառության 80 տոկոսը»,- հայտնել է գեներալ Գուդարզին:
Նրա խոսքով` պարիսպների կառուցումն արդեն սկսվել է Սիստան և Բելուջիստան և Խորասան-Ռեզավի գավառներում, իսկ հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ամրապնդումը` Իլամ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան գավառներում։
Գեներալ Գուդարզին ասել է, որ ծրագրի ֆինանսավորումն ապահովված է, և այժմ ուշադրությունը կենտրոնացված է շինհրապարակների վերազինման վրա: