Իրանը հայտարարել է իր տարածքում ամերիկյան անօդաչու սարք խոցելու մասին

«Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը» հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Պահապանների կորպուսի պնդմամբ՝ Իրանի զինուժը խոցել է RQ-4 Global Hawk դրոնը, որը խախտել էր Իրանի օդային տարածքը:

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Սակայն Asspociated Press-ին տված հարցազրույցում ամերիկյան կողմը հայտարարել է, որ իրանական տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքեր չեն եղել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները է՛լ ավելի են սրվել անցյալ շաբաթ Օմանի ծոցում նավթակիր տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններից հետո: ԱՄՆ-ն տեղի ունեցածի մեջ մեղադրում է Իրանին: Թեհրանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Այս ամենից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում Թեհրանը կմեծացնի հարստացված ուրանի պաշարները, և դրանք կգերազանցեն 300կգ-ը: Իսկ առաջիկա 2.5 ամսվա ընթացքում Թեհրանի ծանր ջրի պաշարները կգերազանցեն 130 տոննան: Հենց այս ծավալներն են սահմանված Իրանի և 6 գերտերությունների միջև 2015թ․-ին կնքված միջուկային համաձայնագրով:

Վաշինգտոնը պայմանագրից դուրս է եկել անցյալ տարվա մայիսին և վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Ամենաթարմ