Իշխող վարչախումբ-եկեղեցի դիմակայությունը կործանարար է պետության համար

Հրապարակող՝

,

nikol ekexeci

Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ։ Վերջին շրջանում իշխող վարչախմբին հաջողվել է մտնել Եկեղեցու «պատերից ներս» եւ ներեկեղեցական պառակտման գործընթացը տանել վտանգավոր մի ուղով։

Նման իրավիճակում կարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ պառակտել ու կործանման ճանապարհի վրա կանգնեցնել Հայ Առաքելական Եկեղեցին։ Մի եկեղեցի, որը մեզ էր ներկայանում դարավոր ու քարացած այնպիսի ավանդույթներով, որոնք համընդհանուր ճանաչման էին արժանացած հայության կողմից եւ թվում էր, թե փոփոխման ենթակա չեն։ Այսպես, ոչ վաղ անցյալում անհնար էր պատկերացնել, որ Հայոց հայրապետի անունը կարող էր չհիշատակվել պատարագի ժամանակ, որ կարգալույծ հոգեւորականը կարող էր եկեղեցական արարողություններ իրականացնել օծված առաքելական այն եկեղեցում, որը Մայր Աթոռի սեփականությունն է, որ առանց Կաթողիկոսի գիտության եպիսկոպոսները կարող էին մասնակցել ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը եւ այլն։

Վերոբերյալ հարցի պատասխանը շատ հստակ է։ Նիկոլ Փաշինյանն ազգային ամենահին կառույցը պառակտելու եւ ավերելու գործում օգտվում է քաղաքական մի գործիքակազմից, որը տասնամյակներ շարունակ օգտագործում են բոլոր հատուկ ծառայություններն իրենց գործունեության ընթացքում։ Այդ գործիքակազմը կոմպրոմատների կիրառությունն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր խանգարում են որոշակի սուբյեկտների՝ հասնել իրենց նպատակներին։

Կոմպրոմատները դրանք այնպիսի վարկաբեկիչ տվյալներ են, որոնք հրապարակվելու պարագայում ամբողջությամբ մերկացնում են որոշակի մարդկանց՝ հանրության կամ նրա ընտանիքի աչքում։ Կարեւոր է նկատել, որ կոմպրոմատներն աշխատում են այն մարդկանց նկատմամբ, ովքեր կյանքի ընթացքում թույլ են տվել արարքներ, որոնք համընդհանուր հանրային պարսավանքի են արժանի։ Այլ կերպ ասած՝ չեն կարող կիրառվել կոմպրոմատներ այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց հացը վաստակել են արդար քրտինքով եւ կոպտորեն չեն խախտել հանրային բարքերն ու պետական օրենքները։

Շատ քաղաքական ու հանրային գործիչներից կարելի է լսել այն թեզը, ըստ որի չկան այնպիսի մարդիկ, ում նկատմամբ իշխանությունները կոմպրոմատներ չկարողանան կիրառել։ Սակայն, պետք է նկատել, որ այդ փաստարկը կիրառող յուրաքանչյուր գործիչ այդ մասին խոսում է՝ ընդամենն արդարացնելու համար իր հանրային ու քաղաքական գործունեությունը։ Կոմպրոմատներ չունեցող ոչ մի գործիչ նման պնդում չի կատարի՝ քանի որ առնվազն իր օրինակից ելնելով գիտի, որ նման գործիչներ կան։

Ուստի, պետք է նկատել, որ Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու եւ քաոսի ենթարկելու գործում իշխող վարչախումբն օգտվում է այնպիսի ազդու կոմպրոմատներից, որոնք ինքնին գոյություն ունեն։ Եւ դրանց հրապարակման սպառնալիքից վախենալով է, որ շատ եկեղեցական գործիչներ պատրաստ են այսօր դառնալ իշխանությունների կամակատարը։

Արդյոք կա՞ ելք այն իրավիճակից, որում հայտնվում են անձիք, ում դեմ կիրառվում են տարբեր տեսակի կոմպրոմատներ։ Չէ որ դրանց միջոցով Հայաստանում ձեւավորվում է հանրային ու քաղաքական գործիչների խոցելի մի շերտ, որոնք գտնվելով վարկաբեկիչ փաստերի սպառնալիքի տակ եւ մեկը մյուսից կախման մեջ հայտնվելով՝ սկսում են թունավորել հանրային ու քաղաքական կյանքը եւ ոչնչացնել մարդկանց հավատը երկրի ապագայի հանդեպ։ Հարկ է նկատել նաեւ, որ եկեղեցու սպասավորների խոցելիությունը շատ դեպքերում կարող է ապագայում որպես հնարավորություն դիտարկվել արտաքին ուժերի համար։ Այն ուժերի, որոնք հակվածություն կցուցաբերեն այդ կոմպրոմատներն օգտագործել՝ քաոսի ու ավերի ենթարկելու համար Եկեղեցուն, ու նրա միջոցով՝ հենց պետությանը։

Ելք, իհարկե, կա, բայց պահանջում է քաղաքական մշակույթի փոփոխություն մեզանում։

Այսպես, առանձին պետություններում քաղաքական շատ էլիտաներ օգտվում են մի լուծումից, որն օգնում է խուսափել հանրային-պետական ճգնաժամերից։ Այն հանրային կամ պետական գործիչը, որի դեմ ի հայտ է գալիս կոմպրոմատի հրապարակման սպառնալիք կամ հրապարակված վարկաբեկիչ տվյալ, նա հարկ է համարում (ստիպված է լինում) հրաժարական տալ կամ հրաժարվել հանրային-քաղաքական գործունեությունից։ Հետագա կյանքն անցկացնելով լուռ միայնության մեջ՝ նման անձիք ապահովագրում են պետությանը ցնցումներից ու նաեւ չեն գրգռում հանրությանը իրենց դեմ։ Քաղաքական հանրությունները նման գիտակցությանը հասել են՝ բազում անգամներ սայթաքելուց եւ եսասեր պատեհապաշտների դեմ նման պահանջներ դնելուց հետո։

Հայաստանում կոմպրոմատներով բարձված բոլոր գործիչներին թվում է, թե իրենք կարող են խուսանավել ու ելք գտնել իրավիճակից։ Սակայն առայժմ ելքի փոխարեն նրանց ցույց է տրվում մուտքի ճանապարհը միայն։ Մուտքը դեպի դժողք, ուր անբարո վայելքն ու հաճույքը օրինականացված է հանրային ու ազգային շահերը հանցավոր վարչախմբին, կամ միգուցեեւ՝ օտարներին, վաճառելու դիմաց։

Ամենաթարմ