Պենելոպե Կրուսն արժանացել է կինեմատոգրաֆիայի ոլորտում 2022 թվականի ազգային կինոմրցանակին, հաղորդում է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ինչպես նշված է նախարարության կայքում, ժյուրին միաձայն մրցանակը շնորհել է դերասանուհուն՝ «2021 թվականին ձեռք բերած հաջողությունների համար, որոնք գումարվում են այն ամենին, ինչ ձեռք է բերել դերասանուհին իր ամբողջ կարիերայի ընթացքում»։
Դերասանուհուն շնորհավորել է անձամբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Իր հսկայական տաղանդի և բացառիկ ելույթների շնորհիվ Պենելոպե Կրուսը տասնամյակներ շարունակ առաջին տեղում է դնում մեր մշակույթը», – գրել է Սանչեսը Twitter-ում:
Պենելոպե Կրուսը դարձել է առաջին իսպանացի դերասանուհին, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում լավագույն դերակատարման համար: Նա նաև չորրորդ անգամ առաջադրվել է «Օսկար»–ի՝ դառնալով պատմության մեջ ամենաշատ առաջադրված իսպանացի դերասանուհին։
Ազգային կինոմրցանակն ամեն տարի շնորհվում է իսպանական կինոարդյունաբերության մեջ ամենաակնառու ներդրում ունեցած արտիստին: Անցյալ տարի այն շնորհվել էր իսպանացի դերասան Խոսե Սաքրիստանին։