fbpx
Քաղաքականություն

Հակապետական գործողություններին միտված հայտարարություններ անողները հակապետական գործիչներ են․ Մակունց

Բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողություններին, այդ հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով այն դիտարկումը, որ ըստ տեղեկությունների՝ Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովում նման հայտարարություն արել պարտիզանական ջոկատների մասին:

«Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս և նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, որոնք արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, նման երևույթները կանխելու համար և թույլ չտալու հակապետական գործունեություն ծավալել»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա կարծիքով՝ իրավապահ մարմինները և Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկեն և անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկեն:

«Այլ հարց է, որ այստեղ նաև «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է և նսեմացումը: Իսկ «Դաշնակցությունում»՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ և պարկեշտ անձինք կան»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի նամակ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից, որում մանրամասներ են հայտնում ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում:

Ավելի ուշ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտարարում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: Այսօր որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ»:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ ՀՅԴ-ից հայտնեցին, որ պատճառը եղել է ներքին կանոնադրության խախտումը։ Նշենք, որ երեկ երիտասարդները «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշել են, որ իրենք դեմ են եղել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ