ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կորյուն Սիմոնյանը փետրվարի 14-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության ծրագրից դուրս մնացած մի խնդրի՝ ժողովրդագրությանը: Նրա խոսքով՝ պարզ չէ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ կան սպառնալիքներ:
«Ես հասկանում եմ, որ ռազմավարություն պետք է չներառեր, բայց պետք էր հասկանալ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ ոլորտում առկա են վտանգներ ու սպառնալիքներ, դրանց դեմ ի՞նչ քայլեր ու ծրագրեր է նախատեսում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս պահին առկա միակ ծրագիրը, որն անդրադառնում է այս խնդրին, 2007-ին ընդունված «Ազգային անվտանգության ռազմավարություն»-ն է, որը բարոյապես մաշվել է վերջին 12 տարիների ընթացքում: Սիմոնյանի խոսքով՝ 2007-ին գրանցված բացասական միտումները դարձել են վտանգներ, վտանգները՝ սպառնալիքներ, մասնավորապես՝ ծնելիության աճը 2007 թ. դիտարկվում էր որպես բացասական միտում, սովորական վտանգ, որի դեմ հնարավոր է պայքարել, այժմ այն «վտանգ» կատեգորիայից դարձել է «սպառնալիք», պարզ վերարտադրողության մոդելից գնացել է դեպի նեղ մոդել:
Սիմոնյանը նշեց՝ նաև այլ խնդիրներ կան, որոնց պետք է անդրադառնալ ռազմավարության տեսակետից, այն է՝ ուրբանիզացման մակարդակը. մեր երկրի բնակչության թիվը ՄԱԿ-ի 2010 թ.-ի կանխատեսմամբ 2020 թ.-ին պետք է լիներ 3 մլն 50 հազար, այսօր 2 մլն 972 հազար է, պատգամավորը մասնավորեցրեց՝ խոսքը մշտական բնակչության մասին է:
«Սկեպտիկ կանխատեսումը, որը 10 տարի առաջ համարվում էր ոչ իրատեսական, մենք արդարացրինք, մի բան էլ ավելի, մեր ժողովրդագրական անվտանգությունն արդեն գոյության խնդիր է: Այս ոլորտի խնդիրները երևում են 10-ամյակների ու 100-ամյակների ընթացքում, այսօր ուշադրություն չդարձնելը հետագայում խնդիրներ է առաջացնելու»,- նշեց պատգամավորը: