Ջուլֆալակյանը պաշտոնապես ավարտեց մարզիկի իր կարիերան

Ամենադիտվածներ

Հայ անվանի ընբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտելու մասին։

Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Ջուլֆալակյանը խոսքով՝ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Նա ասում է, որ այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Ըմբշամարտիկը նշել է, որ ավելի ծավալուն կերպով կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ այժմ կբավարարվի միայն շնորհակալական խոսքերով։

«Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին», – գրել է մարզիկը:

Նա նաև ամփոփել է իր նվաճումները․

Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո),

Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ,

Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ,

Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ,

Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ,

Ունիվերսիադայի բրոնզե մեդալ,

Երիտասարդների աշխարհի չեմպիոն,

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ,

Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն,

Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ,

ԵՊՀ Ոսկե մեդալ,

ՀՀ 2012թ լավագույն մարզիկ,

Սպորտի վաստակավոր վարպետ։

Ամենաթարմ