Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ-ի օրենքում և լրացումներ կատարելու և Պաշտպանության մասին օրենքում և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Ըստ նախարարի՝ այս փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցումը։ Ըստ դրա՝ կամավոր հիմունքներով կին զինծառայողների համար նախատեսված է 6 ամիս ծառայության ժամկետ, կարգավորվում են ծառայության համար դիմում ներկայացնելու ժամկետները։
«Կին զինծառայողների դեպքում չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ ծառայությունից արձակման հիմքերը և տարկետումը, քանի որ 6 ամսվա շրջանակներում որևէ իմաստ չկա։ Մինչև զորակոչման օրը նրանք կարող են հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, կծառայեն ուսումնական զորամասերում»,- մանրամասնեց նա։
Կանայք նաև իրավունք են ունենալու դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Ծառայության 6 ամիս ժամկետը լրանալուց կամ առողջական վիճակից ելնելով վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ կին զինծառայողները պատվովճար են ստանալու, իսկ լրիվ ծառայություն անցնելու դեպքում դա կազմելու է 1 մլն դրամ։
Վարչապետը հետաքրքրվեց՝ եթե կամավոր է, ապա ինչո՞ւ է կոչվում պարտադիր, նախարարը պարզաբանեց՝ ասելով՝ կամավոր է լինելու մինչև զորակոչվելու ժամկետը, 6 ամիսը դառնում է պարտադիր։
Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց՝ պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակներում է այս փոփոխությունը․ «Կանայք կարող են զորակոչվել և պարտադիր 6 ամիս ծառայել, սա գուցե օրենքի նախագծի մեջ չկա, բայց այդ ծառայությունը լինելու է նորմալ, դա չի լինելու զբոսանք զորամասում։ Կանայք պետք է դառնան զինվորական ծառայության լիարժեք մաս: Այդ 6 ամսվա ընթացքում կլինեն ծառայողներ, որոնք կզորացրվեն ու կանցնեն բնականոն կյանքի։ Այդ ծառայողները կհամալրվեն մեր բանակի պահեստազորների շարքում»:
Օրենքի փոփոխությունների նախագիծը դեռ պետք է քննարկվի, և այն ընդունի ԱԺ-ն։ Ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի և կիրառելի կդառնա այս տարվա ձմեռային զորակոչի ժամանակահատվածից։