ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապսի ջրամբարի կառուցման ընթացքին։ Վարչապետը նշել է, որ թեև ջրամբարի կառուցումը կասեցված է, ծրագիրը կշարունակվի նոր գործընկերոջ ներգրավմամբ։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է՝ իր պարտավորությունների չկատարման պատճառով։ Փաշինյանը ընդգծել է, որ նման խոշոր ծրագրերի ձգձգումները սովորական են աշխարհի տարբեր երկրներում։ «Իմ խոստումն այսպես թե այնպես կկատարվի, իրենց (նախկին կապալառուի – խմբ.) խոստումը չի կատարվի, այսինքն՝ մենք կունենանք Կապսի ջրամբարը։ Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրել է նաև, որ ջրամբարի կառուցումը կդառնա իրականություն, իսկ Ջրաձոր գյուղը կտեղափոխվի նոր վայր՝ ջրամբարի կողքին։ Նա նաև ընդգծել է, որ ջրամբարների կառուցումը պետք է դարձնել սովորական գործընթաց։
Նկատենք, որ Կապսի ջրամբարը կարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար։ Նախկինում ծրագիրը նախատեսված էր ավարտել մինչև 2026 թվականը, սակայն այժմ նոր վերջնաժամկետ դեռևս չի նշվում, քանզի վարչապետն այդ հարցի պատասխանն առայժմ չունի։
Նկատենք նաև, որ արդեն բազում օրինակների վրա ապացուցված իրողություն է, որ ՀՀ վարչապետը սեփական անձեռնհասությունը փորձում է վերագրել ու մեղքը բարդել այլոց վրա։ Այս դեպքում նա ընդունում է սխալը, բայց դա կրկին բարդում է նախկին կապալառուի վրա, այն դեպքում, որ նման մասշտաբային շինարարության ողջ պատասխանատվությունը պետության ղեկավարության վրա է ու հենց նա պետք է պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար։

