Այսօր ԱԺ-ում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, վարչապետը որ ու հարցրեց, որ 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և Ոստիկանության կարգավիճակները, և հարցրեց, թե ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։
Վարչապետը պատասխանեց, որ իրենց կարծրացած չեն իրենց որոշումներում, ու երբեմն հակափաստարկներ լսելիս կարող են փոխել իրենց որոշումները։ Նրա խոսքով՝ հիմա պետք է շատ բալանսավորված քայլերով գնալ առաջ Կառավարության կառուցվածքը փոփոխելիս։
«Ես ինքս էլ էտ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց նաև չեմ համարում, որ մենք պետք է ամեն մի տարին մեկ կարգավիճակ փոխենք։ Մենք այս փուլում այդ մարմինների այս կարգավիճակով աշխատանքը կվերլուծենք և ըստ այդմ՝ իրար հետ կգանք ընդհանուր հետևությունների», – ասաց Փաշինյանը։
Նա բացատրեց, որ հիմա նախարարությունների թիվը 17-ից հասցվելու է 12-ի․ դա սթրես է կառավարական համակարգի համար, իսկ այդ սթրեսը պետք է տալ դոզավորված, որ խառնաշփոթ չառաջանա։ Նրա խոսքով՝ ոստիկանության և ԱԱԾ հարցերին կանդրադառնան հաջորդ փուլում։
Գևորգ Գորգիսյանը հակադարձեց, որ այս համակարգը գործում է 2002 թվականից․ հենց այդ ժամանակից ուժային այս կառույցները ունեն երկրի առաջին դեմքին՝ վարչապետին կամ նախագահին ենթարկվելու կարգավիճակ։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ եթե այդ փոփոխությունը չի արվում հիմա՝ կառավարության կառուցվածքի քննարկումների փուլում, ապա ե՞րբ պետք է արվի։
Վարչապետը նորից պնդեց, որ այդ փոփոխությունը արվել է մեկ տարի առաջ, ու ինքը համարում է, որ չպետք է տարին մեկ փոխել այդ գերատեսչությունների ենթակայությունը։