Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ Instagram-ի իր վերջին գրառման պատճառով։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացրել է SKIMS ներքնազգեստի նոր հավաքածուն, որը համադրել է կաթոլիկական վարդարանի՝ տերողորմյայի համրիչների հետ։
Չնայած համրիչները հավաքածուի կենտրոնական մասը չէին, դրանք բավական էին, որպեսզի սոցիալական ցանցերում սկսվեին կրոնական խորհրդանիշների և մոդայի համադրության վերաբերյալ թեժ քննարկումներ։ Շատ օգտատերեր քննադատել են Քարդաշյանին՝ կաթոլիկական սրբազան առարկան «բաց» հագուստի հետ օգտագործելու համար։
44-ամյա Քիմը լուսանկարներում կեցվածք է ընդունել սպիտակ ներքնազգեստով՝ SKIMS հավաքածուից, որը ստեղծվել է իտալական հայտնի Dolce & Gabbana բրենդի հետ համագործակցությամբ։ D&GxSKIMS անվանումը կրող հավաքածուն ընդգծում է հարմարավետությունն ու էլեգանտությունը՝ համադրելով առօրյա օգտագործման ներքնազգեստն ու բարձր նորաձևության դիզայնը։
Չորս նոր հագուստներից յուրաքանչյուրն իր հերթին արտահայտում է տարբեր մոտեցումներ՝ համեմված զգացմունքայնությամբ։ Սակայն այս նոր դիզայնի «կրոնական» տարրերը, ըստ բազմաթիվ օգտատերերի, անտեղի են ու անհարգալից։
Քարդաշյանի գրառումն արագ տարածվեց համացանցում՝ առաջացնելով երկկողմանի արձագանքներ։ Մինչ ոմանք գովում էին նրա ոճն ու համարձակությունը, մյուսները քննադատում էին կրոնական սրբազան առարկաների կոմերցիոնացման համար։
«Կրոնական խորհրդանիշները պետք է հարգվեն և չօգտագործվեն որպես նորաձևության ատրիբուտներ»,- գրել է օգտատերերից մեկը։ Մեկ այլ մեկնաբանություն՝ «Սա պարզապես մարկետինգային քայլ է, բայց այն անհարգալից է հավատացյալների հանդեպ»։
Չնայած քննադատություններին, Քիմ Քարդաշյանի և SKIMS-ի համագործակցությունը Dolce & Gabbana-ի հետ ակնհայտորեն մեծ ուշադրություն է գրավել։ Նոր հավաքածուի մասին ակտիվ քննարկումները՝ թե՛ դրական, թե՛ բացասական, ավելի մեծ հնչեղություն են տալիս պրոյեկտին՝ մարկետինգի տեսանկյունից։
Քիմ Քարդաշյանը դեռ չի արձագանքել համացանցի քննադատություններին։ Սակայն ակնհայտ է, որ նա շարունակում է պահպանել իր դիրքը նորաձևության և մոդայի աշխարհում՝ միշտ լինելով ուշադրության կենտրոնում։