Ուժեղ, անվախ ու զինվորներին անչափ նվիրված սերժանտ Կարեն Միրզոյանը Շուշիում նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստանալուց հետո, ընկել էր հակառակորդի շրջափակման մեջ, սակայն հրամանատարից օգնություն չստանալուց հետո, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։
Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:

«Կարենի սիրելի զբաղմունքը սպորտով զբաղվելն էր, պատանի տարիքից սկսեց հաճախել ըմբշամարտի պարապմունքների, շատ էր սիրում այս սպորտը, և դա էր պատճառը, որ շատ հաջողություններ ունեցավ»,- Azat TV-ի հետ զրույցում պատմեց Կարենի քույրը՝ Ալիսա Միրզոյանը:
Կարենը արդեն հասցրել էր Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում մասնակցել մրցումների և գրավել պատվավոր առաջին և երկրորդ հորիզոնականները։ 2019 թվականին Կարենը ընդունվել է Ագրարային համալսարան, առաջին կուրսի առաջին կիսամյակն սովորել ու մեկնել ծառայության։
«Կարենը շատ հարմարվող էր բնավորությամբ, չէր կոտրվում, փոքրուց աչքի էր ընկնում իր ճարպկությամբ»,- հիշում է քույրը։
2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ Արցախում Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Կարգապահ զինվորը շուտով արժանացավ սերժանտի կոչմանը:
«Կարենը միշտ մեզ հետ խոսելիս ասում էր, որ ամեն ինչ լավ է, ինքը շատ նվիրված էր զինվորներին, իր վերջին շապիկն էլ կտար ընկերոջը»,- պատմում է Ալիսան։

Քրոջ խոսքով՝ մինչ պատերազմը Կարենի հետ խոսել են սեպտեմբերի 26-ին, ասել էր՝ վիճակը դիրքերում լարված է, և ամեն րոպե սպասում են տագնապ հրամանին։
Սեպտեմբերի 27-ին արդեն Կարենենց տեղափոխում են Աղդամ (Ակնա)՝ 3 օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվում են Հադրութ։
«Երբ խոսում էինք մեզ ասում էր, որ ապահով վայրում են։ Միայն հայրիկիս էր ասել, որ իրենց տարել են Հադրութ, իրենք այնտեղի թեժ մարտերին են մասնակցել, մոտ 20-25 օր այնտեղ են մնացել։ Կարենն ասել էր, որ իրենց վրա երկնքից կրակ է թափվում»։- պատմում է քույրը՝ Ալիսան։
Հադրությում թեժ մարտեր վարելուց հետո տեղափոխվում են Խոջալու, որ հանգստանան մի փոքր։ «Մայրիկիս հետ խոսել էր ու ասել, որ տասնյակ թուրք են սպանել ու արդեն ֆիդայի դարձել»,- եղբոր հերոսությունների մասին հիշում է Ալիսան։
Քույրը պատմում է, որ կարճ ժամանակ անց Կարենենք տեղափոխվել են Քարինտակ։ «Կարենն այնտեղ երեկոյան հեռադիտակով տեսել էր, որ մոտ 200 թուրք իրենց է մոտենում, նահանջել են ստիպված, որ գերի չընկնեն»,- պատմում է քույրը։
Նոյեմբերի 7-ին արդեն նրանց տեղափոխում են Շուշի։ Հենց այդ օրն էլ հարազատները Կարենի հետ վերջին անգամ են խոսել։
«Կարենի հետ վերջին անգամ խոսել ենք նոյեմբերի 7-ի առավոտյան։ Նոյեմբերի 7-ի ցերեկվանից արդեն բավականին լարված է եղել Շուշիում։ Իրենց սպան ինչ-որ պատճառաբանությամբ մենակ է թողնում զինվորներին և լքում դիրքը։ Եղբայրս 3 տեղից վիրավոր է եղել, բայց շարունակել է մարտին մասնակցել։ Ոտքից ու կրծքավանդակի հատվածում էր վիրավորվել։ Այնուհետև ընկնելով շրջափակման մեջ և օգնություն չստանալով հրամանատարից՝ Կարենն ու իր ընկերը՝ Նարեկը, ինքնասպան են լինում, որ գերի չընկնեն, կամ հակառակորդի ձեռքով չսպանվեն»,- պատմում է Ալիսան։
Կարենի դին հարազատները գտնում են նոյեմբերի 16-ին։ «Մեզ սկզբում չեն ասել, որ ինքնասպան է եղել, այլ ասել են՝ կրակոցից է մահացել։ Իսկ հետո հայրիկս է ճանաչել դին, և պարզ է դարձել, որ եղբայրս ինքնսապան է եղել»,- հիշում է Ալիսան։

Կարենը շատ երազանքներ ուներ, ուզում էր բանակից վերադառնալ և ընկերների հետ գնալ արտերկիր, որոշել էր շուտ ամուսնանալ։ Սակայն պատերազմը փոխեց ամեն բան, քաջ տղան անմահացավ հայրենի հողում՝ մինչև վերջ պայքարելով իր հայրնիքի համար։
Այս դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Սպան փախել ու փրկվել է, իսկ զինվորներին մենակ թողնել։ Իրենց հրամանատար Արթուր Օհանյանը պատերազմի սկզբի օրերին վիրավորում էր ստացել, այդ պատճառով էլ հրամանատարին փոխել էին։ Նրանց հրամանատարը նշանակվել էր Ա․ Առաքելյանը։ Իսկ սպան՝ Հ․ Գևորգյանը, ով զինվորներին մարտի դաշտում մենակ է թողել։
Շողիկ Կակոյան
http://azat.tv/ -ից (այսուհետ՝ կայք) մեջբերումներ անելիս ակտիվ հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց կայքին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

