ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՄարիաԿարապետյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 18-ին հանդիպել են ճանաչողական այցով մեր երկրում գտնվող Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Պոլլերա Պանտալոն» նախաձեռնության անդամների հետ: Մասնակցում էին նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տնտեսության զարգացման դինամիկան և քննարկել փոխգործակցության հնարավոր ուղիները:
Մարիա Կարապետյանը նշել է, որ կա համագործակցության մեծ ներուժ. երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար:
Հռիփսիմե Գրիգորյանի ներկայացմամբ` կանայք իրենց ուրույն դերն են ունեցել թավշյա հեղափոխության, այժմ էլ՝ արդեն ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ: Նա անդրադարձել է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում կնոջ դերակատարությանը, քաղաքական դաշտում նրանց առավել ներգրավվածության հնարավորություններին:
Սոնա Ղազարյանն ընդգծելով երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը՝ կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Մարիա Կարապետյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, անցումային արդրադատությանը, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին:
Նախաձեռնության անդամները հայ խորհրդարանականներին ներկայացրել են իրենց երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառներում տեղի ունեցող փոփոխությունները, ձեռքբերումները: Կարևորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում` որպես քաղաքակիրթ հասարակության ձևավորման և առաջընթացի անհրաժեշտ նախապայման:
Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են աշխատանքային իրավահարաբերություններին, ազատ տնտեսական մրցակցությանը, բարենպաստ ներդրումային դաշտի ապահովմանը, հարկային օրենսդրությանը, ընտանեկան բռնությունների կանխարգելմանը:

