ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և հանրային լայն ներգրավմամբ՝ ապահովելով կրթական, մշակութային և այլ հաստատությունների աննախադեպ մասնակցություն։
«Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրի բարելավման նպատակ ունեն: Ֆրանկոֆոն արժեքների տարածման ամրապնդումը մեր օրակարգում է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջոցառումների ընդհանուր ծրագիրը, անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Խաղերից առաջ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը։

