Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն: «Այս կառուցվածքը դիտարկել ենք հետևյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երևույթ և կրթությունը համարում ենք մշակութային երևույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետև հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձևավորել և հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում: Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու և այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաև մշակույթի միջոցով: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաև պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:
«Սա ամենևին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի և մատուցի հանրությանը: Այս ուղերձները ստանում ենք նաև մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության և հանրային շրջանակների միջև, որպեսզի մենք կարողանանք ձևավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ և ձև ենք պատկերացնում և այդ մակարդակը և ձևն ինչպես ենք ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթը, ըստ էության, պետք է պատասխանի հետևյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հաջորդ կարևորագույն խնդիրն է համարել մշակութային օջախների ֆունկցիոնալ դերակատարության հարցը: «Թանգարանը երբեմն, պատկերավոր ասած, Կենտրոնական բանկի պահուստների հետ է շփոթվում, դա մի տեղ է, որը պետք է հնարավորինս մեկուսացված լինի, որ հնարավորինս քիչ մարդ դրա հետ առնչություն ունենա: Բայց մեր պատկերացումը տրամագծորեն հակառակն է, որովհետև ցանկացած մշակութային օջախ առաջին հերթին մարդու համար է, և այդ մշակութային օջախը նաև հանրային կրթության միջավայր է, և մենք մշակութային օբյեկտների, ընդհանրապես, մշակութային քաղաքականության կարևորագույն առանձնահատկություն ենք համարում հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Այս խնդիրն առանց կրթամշակութային նոր քաղաքականության, կարծում եմ, հնարավոր չի լինի իրականացնել: Մենք եկել, հասել ենք այն հանգրվանին, որ սա անելն անհրաժեշտություն է»,- ասել էՆիկոլ Փաշինյանը:
Ավելի մանրասմասնը՝ այստեղ: