Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին կենտրոն Ռաքքայի մերձակայքում գտնվող Այն-Իսա և Թաբքա քաղաքներ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը տեղակայվել են Մանբիջի մերձակայքում և այժմ շարժվում են դեպի Քոբանի: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարեց, որ Քոբանին գրավելու են հենց թուրքական զորքերը, և որ Անկարան Ռուսաստանի իշխանությունների հետ դրա շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել:
«Բազմաթիվ լուրեր են այժմ շրջանառվում: Ամեն դեպքում, մենք դեսպանության միջոցով կապ ենք հաստատել ռուսների հետ, և Քոբանիի հարցում պետք է որ խնդիրներ չծագեն: Ինչ վերաբերում է Մանբիջին, ապա մենք այդ քաղաքի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, և այժմ այն կյանքի է կոչվում»,-պաշտոնական այցով Ադրբեջան մեկնելուց առաջ Ստամբուլի օդանավակայանում այսօր հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
Reuters գործակալության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով թուրքական բանակի նոր, հիմնականում տանկային ստորաբաժանումներ են կուտակվում:

