Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Սարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ․
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործված զանգվածային ռազմամիջոցները (հրթիռներ, ծանր հրետանի, զինված անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական ավիացիա, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններ, միջազգային իրավունքով արգելված կլաստերային զինամթերքի օգտագործում) ապացուցում են, որ տարածքային անհամաձայնությունից անդին խոսքն այս տարածքից հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու իրական փորձի մասին է։
2020 թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար, որն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին:
Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից:
Սարսելի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած Մարտակերտ քաղաքը մնում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, կան ինչպես նյութական, այնպես էլ մարդկային զգալի վնասներ:
Այսպիսով, Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովված չէ:
Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.
– հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը,
– հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը,
– կոչ է անում միջազգային հարթակում Եվրոպական միության և ՄԱԿ-ի ներգրավվածությամբ, Մինսկի խմբի օրինակով, միջոցներ իրականացնել, որպեսզի ընհանուր համաձայնեցված լուծում գտնվի, որը թույլ կտա հայերի կայուն և անվտանգ հաստատումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում,
– ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն,
– կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով,
– 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար»։
https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3654603337935737