Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ տարեմուտի այս խորհրդավոր օրը, գնահատելով անցնող տարին պետք է ցավալիորեն արձանագրենք, որ անցնող 2021 թվականը շատ բարդ էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով, չլուծված և էլ ավելի խճճված մարտահրավերներով, տարածքային կորուստներով, խեղված սահմաններով, խարխլված անվտանգային համակարգով, գերիների և անհետ կորածների չլուծված հարցերով, տարին լի էր մեր ժողովրդի ներքին խռովքով ու մտազբաղությամբ։
Բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ ո’չ անարդարությունները, ո’չ արտաքին և ներքին խարդավանքները չեն կարող առաջացնել որևէ խուճապ, որը կարող է ընկճել և հիասթափեցնել մեր հերոսական, իմաստուն և անկոտրում ժողովրդին, որն ամուր կանգնած է իր հողի վրա։
- Փորձ է արվում ռազմական ճանապարհով լուծել Թուրքիան Ադրբեջանին և Ռուսաստանին կապող միջանցքի հարցը. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահին
Ավելի քան վստահ եմ, որ 2022 թվականը պետք է դառնա մեր պետության և համայն հայության ընդհանուր շահի ձևակերպման, Արցախի միջազգային ճանաչման ու մեր սահմանների ամրացման տարի, ինչպես նաև այս փոթորկուն ժամանակաշրջանի ավարտի ազդարարման տարի։
Առավել քան երբևէ պետք է գիտակցենք, որ մեր խնդիրները միայն մենք ենք ի զորու լուծել՝ մեր միասնականությամբ և վճռականությամբ՝ համախմբելով մեր ողջ ներուժը, պետք է գիտակցենք, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը ժամանակակից և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է և տնտեսապես զարգացող Հայաստանը։
Տարեմուտի այս կարևոր օրը, եկեք բոլորս մեր խոնարհումը հայտնենք մեր սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած հերոսներին, մեր երախտիքի խոսքը հայտնենք այսօր էլ սահմանին կանգնած մեր հերոս զինվորներին և մեր սահմանապահ ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խաղաղություն ու Քաջառողջություն, Վճռականություն ու Համախմբվածություն, Ուժ ու Կորով, Միասնականություն ու Խոհեմություն բոլորիս։
Աստված պահապան մեր պետությանն ու մեր ժողովրդին»։