Երկրորդ անգամ կոտրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները։ Այս անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավորն այս դեպքերը մտահոգիչ գնահատեց, սակայն չգիտի՝ ով կարող է նման բան անել․ «Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ։ ԱԺ-ի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են»,-ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված, բայց կասկած անգամ չունի, թե ով կարող է արած լինել, չնայած անձնական դրդապատճառները բացառում է։
Պողոսյանն ասաց, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն՝ այսպիսի․ «Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում։ Սա շարքային խուլիգանություն չէ, սա ԱԺ պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է»,-շեշտեց նա։
Այս պահին ոստիկանությունը տեղում է, սպասում են փորձագետներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ Armtimes.com