Երևանի ավագանու մի խումբ անդամներ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի ընթացքում քննարկվելու է քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերն ավելացնելու հարցը։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է քաղապետ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ օրենքի համաձայն, այլ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ պետք է բարձրացվի նաև քաղաքապետի աշխատավարձը։
«Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ», – գրել է Մարությանը։
Նա հայտնել է, որ ավելացած գումարը կուղղվի բարեգործության։
