Ոստիկանությունը պարզել է, որ նոյեմբերի 21-ին անհայտ անձը կրակոցներ էր արձակել քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանի տան ուղղությամբ, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանի քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ինչպես ավելի վաղը հայտնել էր աղբյուրը, նոյեմբերի 21-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։
Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել էին 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել էին նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել: