ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Լիլիթ Մակունցը գրառման մեջ նշել է՝ հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ:
«Հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ: Այն չի թիրախավորում կոնկրետ որևէ երկրի, այդ թվում՝ Չինաստանին: Բավական է ուշադիր նայել նախաձեռնությանը միացած երկրների ցանկին տեսնելու համար, որ նրանցից շատերը քաղաքական, առևտրային և անգամ ռազմական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Նորություն չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում նկատվում են կրոնական խտրականության հիմքով մարդու իրավունքների խախտումներ: Դաշինքը հակաչինական պիտակելու համար չի կարելի որպես հիմք վերցնել ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի առանձին այն միտքը, որ «շատ երկրներ տեղի չեն տվել չինական ճնշումներին և միացել են Ալյանսին, ինչի համար և մենք շնորհակալ ենք»:
Ընդհակառակը, նույն Պոմպեոն հիմնադիր իր ելույթում խոսում է Իրաքի եզդիների, Պակիստանի հինդուների, Նիգերիայի քրիստոնյաների, Մյանմայի (Բիրմայի) մուսուլմանների իրավունքների և նրանց՝ կրոնական թիրախ դարձրած խմբերից պաշտպանելու անհրաժեշտության մասին՝
«We condemn terrorists and violent extremists who target religious minorities, whether they are Yezidis in Iraq, Hindus in Pakistan, Christians in northeast Nigeria, or Muslims in Burma»:
Հակավերլուծական այդ տրամաբանությամբ այս Դաշինքը նաև հակաիրաքյան է, հակապակիստանյան է, հականիգերական է, և այլն: Դաշինքը ոչ թե կոնկրետ երկրի, այլ կրոնական խտրականության դրսևորումների դեմ է: Իսկ եթե ոմանք դեռ համարում են, որ իրական թիրախը Չինաստանն է, իսկ Ալյանսն ընդամենը շիրմա է, ապա լավ չեն տիրապետում ամերիկյան քաղաքականությանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ցեղասպանությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և Հայաստանը շարունակաբար օգտագործել է միջազգային ցանկացած հարթակ և ձևաչափ՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր այս հանձնառությունը:
Ավելին՝ սա լավ հարթակ է այլ երկրներում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, պաշտպանելու հայ քրիստոնյաների շահերը և իրավունքները»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/685839235313632