Լեհաստանն ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը օդապարիկների հիման վրա վաղ հայտնաբերման նոր համակարգերի տարրերի գնման վերաբերյալ։ Համակարգը, որը ցանկանում են գնել, կհայտնաբերի ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ դրոններ, գրել է The War Zone-ը (TWZ)։
Վաշինգտոնը հավանություն է տվել օդապարիկների հիման վրա ցամաքային եւ օդային ռադիոլոկացիոն հետախուզության համակարգերի գնմանը։ Փաթեթը, որը գնահատվում է 1,2 մլրդ դոլար, կունենա ուղեկցող սարքավորումներ եւ համակարգերի սպասարկման ծառայություններ։
Նշվել է, որ Լեհաստանը քննարկում էր նման համալիրների ձեռքբերումը 2017թ.։ Barbara ծրագրի շրջանակում Վարշավան ցանկանում էր ունենալ այդ սարքավորումները տարբեր դրոնների, ուղղաթիռների եւ ցածր թռչող այլ սարքերի հայտնաբերման համար։ Զինվորականները նաեւ նախատեսում էին ցամաքում եւ ծովում թիրախների հայտնաբերման եւ ուղեկցման հնարավորություն ստանալ։
Համակարգերի կազմի մեջ կլինեն վաղ նախազգուշացման բորտային ռադարներ՝ «յուրային-օտար» պատասխանիչներով։ Վարշավան ձեռք կբերի նաեւ կառավարման ցամաքային կետեր եւ օդապարիկների կայանման համակարգեր։
«Լեհաստանը այդ պոտենցիալը կօգտագործի որպես վաղ նախազգուշացման բորտային համակարգ՝ հավանական սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Դա նաեւ թույլ կտա Լեհաստանին ավելացնել իր ավանդը ՆԱՏՕ գալիք գործողություններում։ Լեհաստանի համար դժվար չի լինի ունենալ այդ սպառազինությունն իր զինված ուժերում»,- նշվել է ԱՄՆ ՊՆ համագործակցության եւ անվտանգության գործակալության հաղորդագրությունում։