Առաջին ամերիկյան F-16 կործանիչներն Ուկրաինա կտեղափոխվեն հունիսին, կարծում է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ «Կարծում եմ, որ հունիսին մենք նրանց կտեսնենք Ուկրաինայում», – մեջբերում է նրա խոսքերը Foreign Policy ամսագիրը։
Լիտվայի նախարարի նշած ժամկետները հաստատել է մեկ այլ եվրոպացի պաշտոնյա, որը ներկա է եղել Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ըստ Foreign Policy-ի՝ Կիևի կառավարությունն ակնկալում է, որ մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա վերջը, որը հոկտեմբերն է, 12 օդաչուներ ուսուցում կանցնեն F-16-ի վրա։
Նախօրեին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն DW-ին տված հարցազրույցում հիշել է, որ իր երկիրը Դանիայի, Մեծ Բրիտանիայի և կոալիցիայի այլ երկրների հետ մտադիր է Ուկրաինային փոխանցել 24 F-16 կործանիչ։ «Սա հսկայական առաջընթաց է»,- ասել է նա։
Ուկրաինացի օդաչուների ուսուցումը և առաքման համար մարտական ինքնաթիռների պատրաստումն ընթանում է «մեծ արագությամբ», վստահեցրել է Ռուտեն, սակայն հրաժարվել է նշել առաքման ճշգրիտ ամսաթիվը։
Բելգիան և Նորվեգիան նույնպես խոստացել են F-16-ներ ուղարկել Կիև՝ չնշելով, թե քանի ինքնաթիռի մասին է խոսքը։ Դանիան ծրագրում է 2024 թվականի երկրորդ եռամսյակում Ուկրաինային փոխանցել վեց բազմաֆունկցիոնալ կործանիչ։
2023 թվականի նոյեմբերի սկզբին Ռումինիայի Ֆետեստի ռազմաօդային ուժերի բազայում բացվել է F-16 ինքնաթիռով ուկրաինացիների ուսումնական կենտրոն։ Սպասվում է, որ օդաչուների վերապատրաստումը կտևի մի քանի ամիս: