Լիտվայում հայտարարվել է լռության օր կիրակի նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որի հետ միաժամանակ տեղի կունենան նաև Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունները։ Ինչպես լրագրողներին բացատրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լաուրա Մատյոշայտիտեն, ցանկացած քարոզչության արգելք, օրենքի համաձայն, մտցվում է քվեարկությունն սկսվելուց 30 ժամ առաջ։
«ԶԼՄ-ներում ագիտացիոն հրապարակումների, ագիտացիոն նյութերի տեղադրումների արգելքը հասարակական վայրերում, ինչպես նաև ագիտացիոն բնույթի տեքստերի տեղադրման արգելքը սոցցանցերում գործելու է մինչև քվեարկության օրը ընտրատեղամասերի փակվելը»,- բացատրել է նա։ Բացառություն է արվել թեկնածուների գովազդային պաստառների համար, որոնք ավելի վաղ տեղադրվել էին վահանակներին։ «Եթե պաստառները կախվել են մինչև արգելքը, դրանք հանել պետք չէ, բայց ընտրատեղամասերից 50 մետր շառավղով հեռավորության վրա չպետք է որևէ ագիտացիոն նյութ լինի, այդ թվում և այդ պաստառները»,- ասել է Մատյոշայտիտեն։
Քվեարկությունը կսկսվի մայիսի 26-ին` առավոտյան 07.00-ին։
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջինից երկու շաբաթ հետո (այդ ժամանակ ինը թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ)։ Երկրորդ փուլ են դուրս եկել 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն և 54-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան։ Նրանք ստացել են համապատասխանաբար 31,1 և 30,94 տոկոս ձայներ, տարբերությունը՝ 5323 ձայն։ Փորձագետների կարծիքով՝ հավակնորդների շանսերը մոտավորապես հավասար են, լարված պայքար է սպասվում։
Լիտվայի ներկա նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նախագահում է երկրորդ ժամկետում և երրորդին հավակնել չի կարող։
Քաղաքացիները միաժամանակ ընտրում են Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Լիտվայի համար այնտեղ ամրագրված է 11 տեղ, որոնց հավակնում է 302 թեկնածու։