Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախօրեին ստորագրել է հրամանագիր, որով ներում է շնորհվել 22 անձի, որոնցից 20-ը դատապարտված են եղել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար։ Ներումը ստացած անձանց թվում 15 կին և 7 տղամարդ են, 11-ի մոտ կան անչափահաս երեխաներ։ Նրանք բոլորը դիմել են պետության ղեկավարի անունով ներում շնորհելու միջնորդագրերով, ընդունել են իրենց մեղքը և զղջացել կատարվածի համար։
Ներման որոշումը կայացվել է հումանիտար նկատառումներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով նրանց ընտանիքների շահերը ու ներում ստացած անձանց դրական բնութագրերը։ Սա Բելառուսում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում, քանի որ Լուկաշենկոն ազատ է արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովային և Ալես Բելյացկիին, որոնց ազատ արձակման համար բանակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի հետ։ Վաշինգտոնը, իր հերթին, վերացրել է Մինսկի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։

