Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նավթային ոլորտում հարկային մանևրի համար ռուսական փոխհատուցման խնդրին կանդրադառնա նախքան համատեղ գործողությունների ծրագրի հաստատումը: Այս մասին հաղորդել է Belta-ն:
Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոյի հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ Մոսկվայի գործողությունները նվազեցրել են նավթամթերքների արտահանման մաքսատուրքից ստացվող եկամուտները:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն անընդհատ ծնկի իջած չի սողա իր ավագ եղբոր առաջ՝ որոշ փշրանքներ մուրալով:
Նրա խոսքերով, նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն բազմիցս խոսել են այդ թեմայի շուրջ, բայց մոտ ապագայում երկու երկրների տնտեսական ինտեգրման ծրագիրը հաստատելիս հարցը կրկին քննարկելու անհարաժեշտություն կլինի:
Ավելի վաղ, Լուկաշենկոն սպառնացել է «Դրուժբա» նավթամուղի երկու ուղղությունները տրամադրել Միացյալ Նահանգներից, Ադրբեջանից կամ Սաուդյան Արաբիայից հումքի ստացմանը, եթե Ռուսաստանը շարունակի Բելառուսին նավթի շուկայական գին պարտադրելը:
Ռուսաստանը շարունակում է մնալ Բելառուսի միակ նավթ մատակարարողը: Մինսկը տարեկան 24 միլիոն տոննայի իրավունք ունի, ընդ որում, վեց միլիոնը թույլատրվում է վերաարտահանել: 2019-ին Ռուսաստանն, այսպես կոչված, հարկային մանևր է սկսել. արտահանման տուրքերի աստիճանական զրոյացում և հանքարդյունաբերության հարկի դրույքի բարձրացում: Մինսկը 10-11 միլիարդ դոլար է գնահատել 2019-2024 ժամանակահատվածում ունեցած իր կորուստները և փոխհատուցում է պահանջել: