fbpx
Գիտություն
17:00 01/12/2019

Մահացել է աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը

Մահացել է աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, կյանքից հեռացել է հայ ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը։

Դ. Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956 – 1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1964 – 1975 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 1975 – 1977 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1977 – 1986 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986 – 1990 թթ.՝ ՀԱԱ-ի ակադեմիկոս քարտուղար, 1990 – 1994 թթ.՝ ՀԱԱ-ի փոխնախագահ, 1994 -2013 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀԱԱ-ի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմների խորհրդատու նախագահ, 2013 թվականից ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր:

Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։

Սեդրակյանը 1982 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ երբևիցե ամենաերիտասարդ թղթակից-անդամը։

Նա հիմնել է «Աստղաֆիզիկա» ամսագիրը։ Կազմակերպել կոֆերանսներ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2019 թ.) և Անանիա Շիրակացի (1999 թ.) մեդալներով։ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է՝ գիտական և տեխնիկական բնագավառում (1970 թ.)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ