fbpx
Իրավական

ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին նիստ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ

Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին լսումներ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ՝ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի համաձայն, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ Հայաստանը կոչ է արել դատարանին ժամանակավոր միջոցներ կիրառել Բաքվի դեմ։

Իր հայցում Երևանը խնդրում է դատարանին պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի խախտման, և ցանկացած գործողության, որն ուղղակի կամ անուղղակի կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանմանը կամ կանխել իրենց տներ մարդկանց անվտանգ և արագ վերադարձը: Ինչպես նաև Ադրբեջանի զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին դուրս բերել քաղաքացիական հաստատություններից: Հայաստանը նաև խնդրում է դատարանին կարգադրել, որ Ադրբեջանն ապահովի ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, ինչպես նաև նպաստի և չխոչընդոտի Կարմիր խաչի գործունեությանը՝ ԼՂ հայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հայաստանի մյուս պահանջներից է, որ Բաքուն նպաստի Լեռնային Ղարաբաղ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջական վերականգնմանը, ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին ներկայացուցիչների կամ զինծառայողների դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց, ինչպես նաև չքանդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ