Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին հայտարարությունը նա արել է Մալտայում ԵՄ-ի միջերկրածովյան երկրների գագաթնաժողովի արդյունքում: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը:
«Մենք լիովին համաձայն ենք Կիպրոսի հետ և սատարում ենք Կիպրոսի ինքնիշխանությունը: Թուրքիան պետք է դադարեցնի իր անօրինական գործողությունները: Եվրամիությունը մտադիր չէ թուլություն ցուցաբերել այդ հարցում»,-ընդգծել է նա:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի խոշոր հանքավայրեր: Անկարան վիճարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները և ուղարկել այնտեղ «Ֆաթիհ» հորատման նավը: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտևի 4 ամիս՝ մինչև սեպտեմբերի 3-ը:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել ծագումով թուրք կիպրացիների իրավունքները հանքավայրերի համար, ՝այդ թվում՝ զինված ուժերի միջոցով: Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել թուրքական հորատման «Ֆաթիհ» նավի անձնակազմին: Ձերբակալությունը սպառնում է 25 մարդու՝ նավի անձնակազմին և թուրք աշխատակիցներին: