Նոյեմբերի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին․ ԱԳՆ հայտարարությունը
- Հակառակորդն ունի մինչև 70 զոհ և վիրավոր․ ՊՆ-ն տվյալներ է հրապարակել
«Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։
Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ։