Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը

Փետրվարի 27-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2019» անվամբ զորավարժությունը։ Ըստ թուրքական աղբյուրների սա ամենախոշոր ծովային զորավարժությունն է լինելու Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում։

Զորավարժությանը մասնակցելու է 103 ռազմանավ (13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռային նավ, 7 սուզանավ, ռումբ վնասազերծող 7 նավ և մի շարք այլ նավեր)։ Զորավարժության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր, մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ։

Նշվում է, որ զորավարժությունը միաժամանակ տեղի է ունենալու Սև, Միջերկրական և  Էգեյան ծովերի թուրքական ջրերում։

Ուշագրավ է, որ փետրվարի 25-ին Միջերկրական ծովում մեկնարկել է «Dynamic Manta-2019» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որին ևս մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերը։  Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ այդ զորավարժությանը մասնակցող թուրքական մի շարք ռազմանավեր զուգահեռ մասնակցելու են նաև «Mavi vatan-2019» զորավարժություններին։

Չնայած ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե «Mavi vatan-2019»-ին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերը, բայց թուրքական աղբյուրները չեն հաստատում այդ տեղեկությունը:

Աղբյուր՝ https://www.ermenihaber.am

Ամենաթարմ