Օրեր առաջ Իրանը նախազգուշացրել էր, որ հունիսի 27-ին կավելացնի հարստացված ուրանի պաշարները: Սա էլ ավելի կսրի Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ուրանի արտադրությունը 4 անգամ ավելացել է: Թեհրանը պնդում է, որ եվրոպական երկրները չեն կատարել իրենց խոստումները և Իրանի տնտեսությունը չեն պաշտպանել Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Իրանը պատերազմի և հակամարտության չի ձգտում: Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ն այնպիսի դիրքում չէ, որ ոչնչացնի Իրանը, և նման բան կարող է անել միայն արգելված զենքեր օգտագործելու պարագայում:
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը պետք է հիշի, որ մենք 18-րդ դարում չենք ապրում. գոյություն ունի ՄԱԿ-ի կանոնադրություն, համաձայն որի՝ պատերազմի սպառնալիքն անօրինական է», հայտարարել է Զարիֆը: