fbpx
Քաղաքականություն

Մենք Ֆրանսիայի հետ բանակցությունները սկսել ենք «Բաստիոն»-ներն ունենալու համար. Գրիգորյան

Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայից գնված զինտեխնիկային թեմային, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ մամուլում լուրեր էին տարածվել զրահամեքենաների ոչ որակյալ լինելու, պաշտպանական թույլ շերտ ունենալու, ինչպես նաև ավելի վաղ դրանք Ուկրաինա տանելու անհաջող փորձերի, իսկ Ուկրաինայի հրաժարականից հետո միայն ՀՀ բերելու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ հայկական կողմը Ֆրանսիայի հետ բանակցել է հենց այս զրահամեքենաների գնման շուրջ։

«Թեմայի երկրորդ մասով կարծում եմ, որ ավելի շատ պրոպագանդիստական նպատակներով օգտագործվող թեմա է։ Մենք Ֆրանսիայի հետ բանակցությունները սկսել ենք հենց այս զրահամեքենաներն ունենալու համար։ Մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դա մեզ անհրաժեշտ է, դրա կարողությունները մեզ բավարար են։ Մեր զենք-զինամթերքը մատակարարվում է մեր որոշումների հիման վրա, ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք։ Մեր պահանջարկը մենք ենք որոշում», – նշեց նա։

Անդրադառնալով ֆրանսիական զրահամեքենաների գնմանը Արդբեջանի արձագանքին և հայտարարություններին, որ այս կերպ տարածաշրջանն են զինում, մինչդեռ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ համակարծիք է՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։

«Մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ անվտանգության ոլորտում հիմնականում պաշտպանական է։ Մենք պաշտպանական զենք ենք ձեռք բերում ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Մենք որևէ մեկին վտանգ չենք ներկայացնում։ Կարծում եմ սա ևս որոշ չափով զուտ ինֆորմացիոն աղմուկ ստեղծելու նպատակ ունի, բայց միանշանակ է, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում իր անվտանգությունը պաշտպանելու համար և շարժվում է խաղաղության օրակարգով», – շեշտեց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ հայկական կողմը հույս ունի խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ կնքել և առաջարկելով Ադրբեջանին այս ուղղությամբ կենտրոնանալ փաստաթուղթը վերջնականացնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ