Մեր դատական համակարգը չի կարողանում արդյունավետ դատավարություն իրականացնել, և այստեղ մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ամբողջ դատական իշխանությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է գործադիրի ղեկավարն անդրադառնում միայն Սահմանադրական դատարանին, երբ որ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը:
«Եվ այս ամբողջ հսկայական խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, դա սխալ մոտեցում է և որևէ լուծման չի բերում: Լավ, անձին փոխարինեցիք մեկ այլ անձով, համակարգը մնում է նույնը, անարդյունավե՞տ է աշխատելու: Հսկայական խնդիրները թողած՝ ասում ենք՝ եթե այս դատավորին փոխենք, ամբողջ դատական համակարգը կփոխվի, սա սխալ մոտեցում է»,- ասաց նա:
Պատգամավոր նշեց, որ եթե սա դիտավորությամբ է անում, բոլորս մտահոգվելու տեղ ունենք, որովհետև սա կարող է դիտարկվել մեկ՝ իշխանության թևի ճնշում, մեկ՝ այլ իշխանության թևի նկտամամբ, որը անընդունելի է:
«Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին։ Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրության շրջանակներից, ապա, մենք քաղաքական ճնշում տեսնում ենք, մենք դա տեսնում ենք մեր գործընկեր պատգամավորների արտահայտած մտքերում, նաև գործադիր իշխանության արտահայտած մտքերում: Այստեղ խնդիր տեսնում ենք»,-ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ մեկ տարի է՝ մեր գործընկերներին ասում ենք՝ զերծ մնան ուղղակի մեղադրանքներից, եթե չկան դրանց համար իրավական հիմքեր:
«Եթե առանց իրավական հիմքերի անձին մեղադրանք է հնչեցվում, ապա դա, իհարկե, ճնշում է: Եթե կան իրավական հիմքեր, մարդիկ թող պատասխանատվության ենթարկվեն և լքեն իրենց պաշտոնը, այս դեպքում ճնշում չի լինի, բայց եթե առանց էդպիսի հիմքերի հայտարարությունների մակարդակով է կատարվում, ապա ճնշումն առկա է: Խորհուրդս գործընկերներիս՝ զերծ մնան առանց իրավական հիմքերի հայտարարություններ կատարելուց»,-նշեց նա:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ռեֆորմների փոխարեն մեծամասնությունն իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է միայն ՍԴ դեմ պայքարելու համար:
«Այստեղ երկակի ստանդարտ կա, եթե ուզում ենք բոլոր հները չլինեն այլևս իշխանության որևէ ճյուղում, ապա ինչու է դա վերաբերում միայն ՍԴ-ին, բազմաթիվ այլ տեղեր ունենք, հնից մնացած մարդիկ, որոնք շատ սերտ հարաբերություններ են ունեցել նախկին ռեժիմի անդամների հետ, բայց կառավարություն էդ նույն սկզբունքով ընտրվել են տարբեր մարդիկ: Երկրի առաջին դեմքը չպետք է անի հայտարարություններ, որոնց տակ չկան իրավական հիմքեր, սա անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը: