Մենք շահագրգռված ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրների տեղայնացմամբ․ Վաչե Տերտերյան

Հրապարակող՝

Vladimir-Vardanyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով» (ECOserve) ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի ուսումնասիրման վերաբերյալ աշխատաժողովին, որին ներկա է գտնվել նաև IBiS և ECOserve հայաստանյան թիմի ղեկավար Թոբիաս Վիթմանը։ Միջոցառումն անցկացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։

Փոխնախարար Տերտերյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում մասնագիտական քննարկումների միջոցով մոդելավորել և ուղենշել Հայաստանի բնական պաշարների՝ կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման հեռանկարները։ Ըստ նրա տեխնոլոգիական զարգացման հեռանկարներն այսօր ամբողջապես կախված են էներգիայի խնայողության տարաբնույթ լուծումների մշակումից։ Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգռված է գործադրել իր գիտատեխնիկական ողջ ներուժն այլընտրանքային էներգիայի արդի աղբյուրների տեղայնացման ուղղությամբ։

Թոբիաս Վիթմանը ևս ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ ծրագրում փորձագիտական և մասնագիտական հանրույթի լայն ներգրավվածությունը վկայում է ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու ու ժամանակակից տեխնոլոգիաների տեղայնացման Հայաստանի պատրաստակամության մասին։

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի վերաբերյալ ելակետային ուսումնասիրության նախնական արդյունքները, մասնավորապես էներգիայի ապահովումը, պահանջարկը և էներգաարդյունավետությունը՝ կախված բնական պաշարների կառավարման հետ, ինչպես նաև բացահայտել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի բարելավման և համապատասխան բնական պաշարների կայուն կառավարման հնարավորությունները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ