fbpx
Հասարակություն

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունը և ողջ անձնակազմն օր ու գիշեր աշխատում է, որպեսզի փորձեն բացառել ընտրախախտումները և ընտրակաշառքի դեպքերը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ԱԱԾ գաղտնալսման սարքերն այն վիճակո՞ւմ են, որ կարողանան բացահայտել բոլոր ընտրական հանցագործությունները, Վանեցյանն արձագանքեց.

«Գաղտնալսելու համար պետք է ունենանք բավարար հիմքեր և դատարանի թույլտվություն։ Գաղտնալսումը շատ սուր, օպերատիվ հետախուզական միջոցառում է, որն իրականացվում է ծայրահեղ դեպքում։ Գաղտնալսումն իմ կամ մեր մնացած աշխատակիցների քմահաճույքով իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառում չէ։ Պետք է լինեն հիմքեր, ներկայացվեն դատարան և դատարանից ստացվի համապատասխան թույլտվություն գաղտնալսում իրականացնելու»։

Վանեցյանն ասաց, թե կան մարդիկ և մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ։

«Դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարություն է, այլ՝ այսպես կոչված արջի ծառայություն մատուցող փոքր խմբեր են տարբեր տարածքներում», – ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը կոչ արեց նման արկածախնդրության չգնալ. «Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ