Պետության ապագան ընդհանուր առմամբ կախված է քաղաքական դաշտում գործունեություն ծավալող մարդկանց անձնային որակներից ու գաղափարական բեռնվածությունից։ Այդ տեսանկյունից ամենամեծ քաղաքական կապիտալը մարդկանց սկզբունքայնությունն ու գաղափարական ամրությունն է։
Շատերի համար ներկա վարչախումբը ոչ այնքան արհամարհելի է իր սխալների կամ տգիտության պատճառով, որքան՝ որեւէ սկզբունքով կամ տոգորված գաղափարով շարժվելու անընդունակության (այստեղ նշենք, որ «Իրական Հայաստանը» գաղափար չէ, այլ արտաքին պարտադրանքներին հարմարվելու տեր-պետրոսյանական «ռեալ-պոլիտիկ»)։
Սակայն, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը քաղաքական դաշտում եղած արատների խտացումն է։ Չէ որ ապագաղափարայնության ու անսկզբունքայնության նման դրսեւորումների մենք հանդիպում ենք տարբեր գործիչների վարքում արդեն տասնամյակներ շարունակ։ Անգամ երիտասարդական տարբեր շրջանակներ մտնում են քաղաքականության մեջ՝ իրենց մտքում ունենալով այն պատկերացումը, որ քաղաքականությունը դա ճկվելու ու քծնելու մի արվեստ է, որը բանեցվում է կարիերայի հերթական աստիճանին բարձրանալու ժամանակ։
Սակայն, ո՞րն է պարադոքսը։ Մեր քաղաքական դաշտի շատ գործիչներ ներկայացված պատկերի հետ համաձայն կլինեն ու չեն մերժի այդ երեւույթի գոյությունը։ Ավելին, շատերը կստորագրեն վերեւում ներկայացված մտքերի տակ՝ բնականաբար դա վերաբերելի համարելով մյուսներին, բայց ոչ՝ իրենց։
Իսկ եթե այդ մարդկանց մեղադրենք հենց իրենց անսկզբունքայնության ու ապագաղափարայնության մեջ, ինչպե՞ս կհիմնավորեն իրենց վարքը։
Կարծում եմ այդ հարցի պատասխանը տվել է ՀԱԿ վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը՝ հունվարի 9-ին շնորհավորելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ ՀՀ առաջին նախագահին դրվատանքի խոսքեր ուղղելուց հետո՝ Զուրաբյանը հատկապես նշել է․
«Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են եւ պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց եւ առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին եւ դինամիկ զարգացող աշխարհին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը եւ ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը: Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»:
Արդեն մի քանի տարի է գիտակից շատ մարդիկ մատնացույց են անում այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի` քաղաքականության մասին պատկերացումներն ու դրվածքները գալիս են Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Անգամ Ջրային կոմիտեի ներկայիս նախագահ Արամազդ Ղալամքարյանն էր մինչ պաշտոնի նշանակվելը՝ 2025 թ․ ամռանը, իբրեւ ՀԱԿ վարչության նախկին անդամ, պնդում, որ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ն են շեղվել իրենց վաղեմի «դավանած» պատկերացումներից եւ ուղուց, իսկ Նիկոլ Փաշինյանը «սրբորեն» պահում է դրանք։
Այսօր արդեն Լեւոն Զուրաբյանը, Տեր-Պետրոսյանի ծննդյան շնորհավորանքների խորապատկերին, համոզում է մեզ բոլորիս, որ գաղափարները պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց եւ դա է պահանջում ռացիոնալ քաղաքական միտքը։ Հիրավի, ճիշտ չեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի ամենաընդունակ «հոգեզավակն» է եղել տեր-պետրոսյանական «ռեալ-պոլիտիկը» ընկալելու հարցում։ Լեւոն Զուրաբյանն այսօր ձեռնոց է նետում Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով նրան համոզել, որ դավանած գաղափարների փոփոխության ու անսկզբունքայնության հարցերում ՀԱԿ-ի դպրոցում թրծված անձիք իրենց վերջին խոսքը դեռ չեն ասել։
Ցավալին այն է, որ նկարագրվածը մեր քաղաքական մշակույթն է ու նման «ռեալ-պոլիտիկով» առաջնորդվող գործիչներով լցված է ամբողջ քաղաքական դաշտը։

