fbpx
Հասարակություն

Ավշարի դպրոցի ուսուցչուհի․ «Մեր ուրախությունն ընդամենը մի քանի ժամ տևեց»

Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի` հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում փոփոխություններ կատարելու գործընթացը:

«Մենք բոլորս ուրախացանք, ողջունեցինք, որովհետև թարմ շունչ էր, երիտասարդ աղջիկ է՝ 33 տարեկան: Եվ այս մեր ուրախությունը տևեց մի քանի ժամ»,- ասել է նա:

Կարինե Փամբուկյանի խոսքով՝ ավելի ուշ դպրոցի տնօրենն իր մոտ է կանչել ուսումնական գծով փոխտնօրենին ու առաջարկել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքը փաստարկներ կգտնի նրան աշխատանքից ազատելու համար: Դեպքի մասին իմանալով՝ նա դպրոցի խորհրդի մեկ այլ անդամի հետ միասին բարձրացել է տնօրենի աշխատասենյակ` կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու:

«Երբ ընկեր Մարգարյանը ոգևորվեց՝ ասելով, որ «Դուք Ձեր զարգացման ծրագրում այսպիսի հարց առաջ չէիք քաշել», ինքը պատասխանեց, որ իր որոշումն անփոփոխ է: Ինչո՞ւ եք Ձեր ձայնը բարձրացնում, դո՛ւրս գնացեք իմ առանձնասենյակից»,- մանրամասնել է ուսուցչուհին:

Կարինե Փամբուկյանը նաև հայտարարել է, որ դպրոցի նորընտիր տնօրենը մտադիր է իր հետ այդ դպրոց բերել իր վստահորդ Աստղիկ Հարությունյանին:

Նշենք, որ մինչ Ավշարի դպրոցի տնօրեն ընտրվելը Հերմինե Անդրիասյանն Արտաշատի Ազատավան գյուղում աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցչուհի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ