fbpx
Սպորտ

Մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար․ Արմեն Բաբալարյան

Օգոստոսի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը փոփոխված կազմով կմասնակցի Աշխարհի առաջնությանը:

Մեր ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է կազմի ընտրությունից և տեղեկացրել, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը մասնակցելու է մեծահասակների Աշխարհի առաջնությանը:

«Մալխաս Ամոյանը որոշեց, որ այս տարի պետք է մասնակցի մեծահասակների Աշխարհի առաջնությանը, քանի որ մյուս տարին արդեն օլիմպիական է: Վաղ թե ուշ Մալխասը պետք է լիներ մեծահասակների հավաքականում: Ֆեդերացիան նույնպես այդպես որոշեց: Բնականաբար, ես էլ պետք է նրան փոխարինող ընտրեի: Ընտրել ենք երիտասարդ, մրցաշարերի մասնակցած Սամվել Գրիգորյանին:

Ինչ վերաբերվում է 67 կգ քաշային կարգին՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է Հայկ Մելիքյանը, իսկ Աշխարհի առաջնությանը կմասնակցի Շանթ Խաչատրյանը: Նա պատանիների Եվրոպայի չեմպիոն է և Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից: Երիտասարդական հավաքականում Հայկի վերջին տարին էր: Բացի այդ, Հայկը ծնկի հետ կապված վնասվածք ուներ և ինքն անձամբ ասաց, որ պետք չէ ռիսկի դիմել:

55 կգ քաշային կարգում էլ Տիգրան Մինասյանին պահել էի Աշխարհի առաջնության համար: Նա հանդես էր գալիս 60 կգ քաշային կարգում, բայց այդքան քաշ չուներ»,- ասաց Բաբալարյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը

Հունիսին Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո երիտասարդական հավաքականը 3 ուսումնամարզական հավաք է անցկացրել և լիովին պատրաստ կլինի առաջիկա առաջնությանը.

«Այսօր սկսել ենք վերջին ուսումնամարզական հավաքը: Ձեզ հետ զրույցից առաջ մարզվում էինք, երեկոյան էլ մարզումներ կլինեն գորգի վրա: Մարզումները լավ կանցկացնենք, մարզավիճակն էլ լավ կլինի: Եվրոպայի առաջնությունից հետո 3 հավաք ենք ունեցել՝ Ծաղկաձորում, Ռուսաստանում, այժմ էլ մարզվում ենք Օլիմպավանում»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Երիտասարդական հավաքականի մարզիչը սպասելիքներից չի խոսում, սակայն վստահեցնում է՝ մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար.

«Աստծուց առաջ չենք ընկնում: Միայն կարող եմ և՛ իմ, և՛ տղաների անունից վստահեցնել, որ կանենք ամեն ինչ ամենաբարձր արդյունքները գրանցելու համար: Մնացածը ցույց կտա գորգը»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մրցավայր կմեկնի օգոստոսի 14-ին, մրցումային օրերն են՝ 16-18-ը: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են.

55 կգ՝ Տիգրան Մինասյան
60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան
63 կգ՝ Հրաչյա Պողոսյան
67 կգ՝ Շանթ Խաչատրյան
72 կգ՝ Սամվել Գրիգորյան
77 կգ՝ Վահե Պողոսյան
82 կգ՝ Կարեն Խաչատրյան
87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան

Աղբյուրը՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ